Ոչ ոք չի մոռացել 1988թ. աշխարհը ոտքի կանգնեց քեզ համար` Հայաստան. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում անցկացվող «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո շնորհակալություն է հայտնել հայերին՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Մակրոնը նշել է, որ ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած աղետը, երբ Ֆրանսիան կանգնեց Հայաստանի կողքին։
«Ոչ ոք չի մոռացել 1988թ․, երբ աշխարհը ոտքի կանգնեց, քեզ համար, Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց։ Մենք գիտենք բոլոր դժվարությունները, որոնց միջով անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին։ Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»,-ասել է Մակրոնը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Գյումրիում անցկացվող համերգը Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակում կազմակերպված վերջին միջոցառումն է։