Միքայել Մելքումյանը հակադարձել է տրանսֆերտների վերաբերյալ FIP-ի հրապարակմանը
Տնտեսագետ և ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը փաստարկված հակադարձում է Փաստերի ստուգման հարթակի (FIP) հոդվածին, որը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թվերին։ ԲՀԿ նախագահը մարզային հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ամսական փոխանցվում է 150-180 միլիոն դոլար, սակայն FIP-ը նշել էր, որ այդ տվյալները ճիշտ չեն՝ պնդելով, թե վերջին 26 ամիսներին միգրանտների ուղարկած գումարը չի գերազանցել ամսական 40 միլիոն դոլարը։ Այս մասին Միքայել Մելքումյանը հայտնել է «Կենտրոնին» տված հարցազրույցում:
Մելքումյանի խոսքով՝ Փաստերի ստուգման հարթակը կոպիտ սխալ է թույլ տվել և չստուգված հայտարարությամբ թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը։ Նա նշել է. «Մասնագիտական գնահատականը այն է, որ պարոն Ծառուկյանը շատ ճիշտ է ասել, մի բան էլ քիչ է ասել»։ Որպես հիմնավորում նա վկայակոչել է Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 3.8 միլիարդ դոլար։ Տարեկան այդ գումարը 12 ամսվա բաժանելիս ստացվում է ամսական ավելի քան 300 միլիոն դոլար, որի մի մասը գալիս է բանկերով, իսկ զգալի հատվածը՝ կանխիկ։
Տնտեսագետը հաշվարկել է նաև աշխատանքային միգրանտների եկամուտները՝ նշելով, որ եթե շուրջ 120-130 հազար մարդ ամսական վաստակում է միջինը 1250 դոլար, ապա ստացվում է հենց 150-160 միլիոն դոլարի շրջանակը։ Նա աբսուրդային է համարել տարեկան 100 միլիոն դոլարի մասին խոսակցությունները։ Անդրադառնալով FIP-ի մատնանշած 18-40 միլիոն դոլարի ոչ առևտրային զուտ ներհոսքին՝ Մելքումյանն անհեթեթ է որակել այն միտքը, թե Ռուսաստանում գումար վաստակած մարդը պետք է այն հետ փոխանցի։ Նա նաև հավելել է, որ փոխանցումները կարող են կատարվել նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեցող անձանց հաշվին։
Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել ցանկացած մասնագետի հետ և կոչ է արել հարթակին չմոլորեցնել հանրությանը՝ հրապարակումների հիմքում դնելով մասնագիտական փաստարկներ։