Էրդողանն առաջարկով դիմել է Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ կազմակերպելու ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններ, այդ թվում՝ երկրների առաջնորդների մասնակցությամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ նախագահ Էրդողանն իր ռուս գործընկերոջը հայտնել է բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամության մասին։ Ըստ նախարարի՝ արդյունքը կախված է ոչ միայն Անկարայի դիրքորոշումից, այլև հակամարտող կողմերի համաձայնությունից։ Ֆիդանը հիշեցրել է, որ նախորդ տարվա ամռանը Թուրքիան երեք անգամ Ստամբուլում հյուրընկալել է կողմերին և այժմ էլ պատրաստ է տրամադրել հարթակ ինչպես տեխնիկական, այնպես էլ բարձր մակարդակի հանդիպումների համար։
Նախարարի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության կտրուկ աճը շեղել է միջազգային հանրության ուշադրությունը, ինչի հետևանքով ուկրաինական ճգնաժամի շուրջ խաղաղության բանակցությունների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Այդուհանդերձ, Հաքան Ֆիդանը շեշտել է խաղաղության հասնելու ջանքերի անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Թուրքիան ունի համապատասխան հնարավորություններ թե՛ ուկրաինական, թե՛ պաղեստինյան հարցերի կարգավորմանը նպաստելու համար։ Նա նշել է, որ թեև հանդիպումներ տեղի են ունենում նաև այլ քաղաքներում, Անկարան կրկին առաջարկում է իր միջնորդական հարթակը։