Քաղաքականություն

ՌԴ նախագահը զորքեր կուղարկի այլ պետություններ․ նոր օրենք է ընդունվել

Ofelya
ՌԴ նախագահը զորքեր կուղարկի այլ պետություններ․ նոր օրենք է ընդունվել

Ռուսաստանի Դաշնության պետական դուման առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել օրենսդրական նոր նախաձեռնություն, որն ընդլայնում է արտերկրում ռուսական բանակի կիրառման իրավական հիմքերը։ Ըստ նոր նախագծի՝ ՌԴ նախագահը հնարավորություն կստանա զորքեր ուղարկել այլ պետություններ՝ այնտեղ բնակվող կամ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու նպատակով։


Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին կից Ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն, մեկնաբանելով այս գործընթացը, նշել է, որ սա կարող է դիտարկվել որպես տեղեկատվական նախապատրաստություն հնարավոր նոր հակամարտությունների համար։ Ըստ նրա՝ նման իրավական ձևակերպումները հաճախ օգտագործվում են որպես լրացուցիչ գործիք՝ հարևան երկրների, հատկապես Մերձբալթյան պետությունների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով։


Օրինագծի հիմնական դրույթների համաձայն՝ ռազմական միջամտությունը հնարավոր կլինի այն դեպքերում, երբ այլ երկրներում ՌԴ քաղաքացիների նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ կիրառվում են ձերբակալություններ, որոնք Մոսկվան կորակի որպես անօրինական կամ հետապնդում։ Սա ենթադրում է, որ ցանկացած իրավական գործընթաց, որն ուղղված կլինի ռուսաստանցիների դեմ, կարող է դառնալ ռազմական ուժի կիրառման առիթ։


Փորձագետները նկատում են, որ այս քայլը տեղավորվում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև աճող լարվածության համատեքստում։ Թեև պաշտոնական Մոսկվան նախագիծը ներկայացնում է որպես սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխիք, միջազգային վերլուծական շրջանակներում սա ընկալվում է որպես հնարավոր էսկալացիայի նոր փուլի նախապատրաստություն և «փափուկ ուժի» զուգակցում ռազմական սպառնալիքի հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250