Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ Հրմուզի նեղուցի անհապաղ բացման պայմանով։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության այդ ուղով նավարկության լիարժեք և անվտանգ վերականգնմանը։
Թրամփը նշել է, որ այս պայմանների կատարման դեպքում հնարավոր կլինի հասնել երկկողմ հրադադարի։ Նա նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնը ստացել է Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկ, որը դիտարկվում է որպես բանակցությունների հիմք։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ որոշումը կայացվել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ քննարկումներից հետո, որոնց ընթացքում վերջիններս կոչ են արել զսպել ռազմական գործողությունների ինտենսիվությունը։ Թրամփը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները արդեն հասել է իր ռազմական նպատակներին և առաջընթաց է գրանցել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ։
Նրա գնահատմամբ՝ նախատեսվող երկշաբաթյա դադարն անհրաժեշտ է վերջնական պայմանավորվածությունների ձևակերպման և ամրագրման համար, ինչը կարող է նպաստել ոչ միայն ԱՄՆ–Իրան հարաբերությունների, այլև Մերձավոր Արևելքի ընդհանուր կայունացմանը։