Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Մենք ուժեղ ենք ոչ թե ասելով, այլ արա գործերով։ Այս մասին, այսօր՝ մարտի 23–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ծաղրում է ընդդիմադիր ուժերի՝ ուժեղ լինելու մասին հայտարարությունները։
Դիտարկմանը, որ այսօր էլ Փաշինյանն ընդդիմադիրներին առաջարկել է պատասխանել հարցին, թե քարաքոսը մի՞րգ է թե կենդանի, Ծառուկյանն արձագանքել է. «Մենք մեր երկրում ապրում ենք, մեր երկրի առաջ այնքան խնդիրներ են ծառացած, որ ցանկացած մարդու համար տեսնելով, որ մարդը ընտանիք ունի, երեխա ունի, ծնողներ ունի, էս պարտված, խայտառակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարտքի տակ, վարկերի տակ, 2 մլն 450 հազար վարկառու ունենք, իսկ թանկությունը Վրաստանից էլ, մյուս տեղերից էլ ավել ա։ Երկիրը պետք է դրա մասին մտածի, սազակա՞ն է, որ Ծառուկյանը մանրուքային, թեթև հարցերի մասին խոսի»։
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չունենա հաջորդ ԱԺ–ում ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու, ԲՀԿ առաջնորդն հայտնել է. «Ուրեմն ձեր հարցին պատասխանեմ իրական, բնական, հասկանալի, տեսանելի. Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում, խաղաղությունը ոչ թե ձևական խոսքով, տեսական է, որ ասենք, ադրբեջանցիները բոլոր բարձունքների վրա նստած թելադրանքով ասում են՝ էս պիտի տաք, էս պիտի կատարեք, մեր զորքերը քչանան, մենք զենք չառնենք, իրենք ուժեղանան... այդտեղ խաղաղություն չկա, դա թելադրանք է։ Եթե այսօր հնարավորություն տրվի, որ մենք որոշելու լինենք, որի բոլոր նախադրյալները կան, անմիջապես խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ 3, 4, 5 ազդեցիկ, հզոր պետությունների հետ որպես դաշնակից, փաստաթուղթ կստորագրենք, և ճանճը չի դզզա այդ տարածքում, որը կլինի երաշխավորությամբ խաղաղություն։
Այսօր մենք փոքր պետություն լինելով կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասայական փաստաթուղթ ստորագրելու, հիմնավորելու, որ ոչ մեկը ռիսկ չանի տարածքով դաժը ճանճ չանցնի»։
Հարցին՝ ով է ԲՀԿ–ի վարչապետի թեկնածուն, նա պատասխանել է. «Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ՝ նորերից։ Նա ապագայի վարչապետ ա, մեր երկրին էսօր պետք է ապագայի վարչապետ։ Իմ ասածին ես տեր եմ, հներից չի լինելու, նորերից չի լինելու։ Հենց գա ժամանակը անունն էլ կասենք»,–ասել է նա։