Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։


«Գերագույն առաջնորդի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների, հատկապես շիաների դեմ աշխարհի ամենահեռավոր անկյուններում։ Նահատակ Խամենեիի ցուցաբերած դիմադրությունն ու ճնշումը անջնջելի հետք են թողել պատմության մեջ», - նշել է քաղաքական գործիչը։


Պեզեշքիանը նաեւ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունն իր պարտքն ու օրինական իրավունքն է համարում վրեժ լուծել այդ պատմական հանցագործության համար, որպեսզի պատժի դրա բոլոր կազմակերպիչներին: Իրանի նախագահը նաև նողկալի հանցագործներ է անվանել նրանց, ովքեր կատարել են այդ սպանությունը:


Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել է 86-ամյա Խամենեին։ Նա գտնվում էր իր աշխատավայրում և կատարում էր ծառայողական պարտականությունները։ Զոհվել են նաև այաթոլլայի ընտանիքի չորս անդամներ։ Իրանում 40-օրյա սուգ և ոչ աշխատանքային շաբաթ է հայտարարվել, հարյուրավոր մարդիկ ցույցերի են դուրս եկել Իրանում և հարակից երկրներում:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդի մահն անպատասխան չի մնա: Զինվորականները նաև հայտնել են մոտ ժամանակներս Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների դեմ ամենահզոր հարձակողական գործողությունն իրականացնելու մտադրության մասին:


Քաղաքականություն