Երեխաներին մասնավոր մանկապարտեզ տեղափոխելու դեպքում՝ կթեթևացնենք բեռը. Ավինյան

Մենք ինչ-որ մի պահից սկսելու ենք գումարը հատկացնել բոլոր երեխաների, նույնիսկ հերթում գտնվողների համար, եթե նրանց ծնողները որոշեն երեխաներին տեղավորել մասնավոր մանկապարտեզ, մենք համաֆինանսավորելու ենք։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Հետևելով Ավինյանի հորդորին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը զեկուցել է, որ մշակվող ծրագրով Երևան համայնքը կհամաֆինանսավորի երեխայի մասնավոր մանկապարտեզի վճարը, մինչև համայնքային ենթակայության մանկապարտեզում երեխային ընդունելու համար հերթը հասնի։


«Այս ծրագիրը քննարկել ենք մեր նախարարության գործընկերների հետ, իրենք նույնպես ողջունել են, և հետագայում արդեն իրենք էլ են մտածում, եթե Երևանում մենք հաջողությամբ սա կիրականացնենք, գուցե և մարզերում այս ծրագիրը շարունակվի։ Սրանով մենք կթեթևացնենք ծնողների բեռը, և եթե երեխան, օրինակ, չի հաճախի համայնքային մանկապարտեզ, մենք այդ հավելյալ գումարը կտրամադրենք մասնավոր մանկապարտեզներին այդ ծառայության դիմաց»,- ասել է նա՝ հավելելով, որ կա միջինացված հաշվարկ յուրաքանչյուր երեխայի համար և այն կհամաֆինանսավորի մասնավոր ընտանիքին։


«Շարունակենք աշխատել բանաձևի վրա, որպեսզի հասկանանք, որ այնպես չէ, որ Երևան համայնքը իր միջոցները հատկացնում է ապահովված ընտանիքներին, որոնք այս ծառայության կարիքը որպես այդպիսին չունեին։ Ֆիքսենք, որ մենք աջակցում ենք այն մարդկանց, որոնք այս ֆինանսական միջոցների կարիքն ունեն»,- ասել է Ավինյանը։

Քաղաքականություն