Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաքացիների ձերբակալման կամ արտաքսման հնարավորությունը քաղաքական դրդապատճառներով։
«Հայաստանից զրո մարդ է արտաքսվել։ Եթե մարդը չի խախտում մեր օրենքները, նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվում։ Եղել են իրավիճակներ, երբ մարդկանց ձերբակալել են, բայց հանգամանքները պարզելուց հետո այդ եզակի դեպքերն ավարտվել են նրանով, որ մենք նրանց ազատ ենք արձակել»,- ասել է Սիմոնյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանում հետախուզվող շատերը՝ «նախկին քաղաքական գործիչներ, որոնք մեղադրվում են բռնության, սպանությունների, կոռուպցիայի մեջ, այժմ թաքնվում են հենց Ռուսաստանի Դաշնությունում»։
«Ես Ձեզ երաշխավորում եմ՝ քաղաքական դրդապատճառներով ոչ մի մարդ չի ձերբակալվի և չի արտաքսվի որևէ այլ՝ երրորդ երկիր։ Ես Ձեզ դա պաշտոնապես երաշխավորում եմ։
Մեզ մոտ շատ մարդիկ են գալիս, շատ արտիստներ, շատ հայտնի մարդիկ, որոնք հայտարարված են օտարերկրյա գործակալներ և այլն։ Նրանք այստեղ համերգներ են ունենում»,- ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։





























