Ադրբեջանը իշխանազավթման փորձից նոր մանրամասներ է հայտնել՝ մատնանշելով Ռուսաստանին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը կանխելու նպատակով իրականացված միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել մի խումբ քաղաքացիների նկատմամբ։ Ըստ գերատեսչության՝ Ռամիզ Մեհթիևը, Աբբաս Աբբասովը, Ալի Քերիմլին և այլ անձինք կասկածվում են իշխանությունը բռնի ճանապարհով զավթելու և սահմանադրական կարգը փոխելու գործողություններ ծրագրելու մեջ։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2012 թվականի հուլիսի 4-ին արտերկրում գրանցված «Ռուս-ադրբեջանական կազմակերպությունների միություն» անունով կառույցի հիմնադիրներն ու ղեկավարները, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ, համաձայնության են եկել պետական իշխանությունը բռնի ճանապարհով փոխելու շուրջ։ Նշվում է, որ 2013 թվականին ստեղծված «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը», որը նախագահի թեկնածու էր առաջադրել Ռուստամ Իբրահիմբեկովին, ըստ մեղադրանքի, օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ կազմակերպել է զանգվածային անկարգություններ։
Քննության տվյալներով՝ կազմակերպության անդամներին հանձնարարվել է 2013 թվականի ընտրությունների ընթացքում արտերկրում բնակվող և իրենց ազդեցության տակ գտնվող անձանց ուղարկել Ադրբեջան՝ հանրահավաքներին և անկարգություններին մասնակցելու նպատակով։ Բացի այդ, 2013 թվականին «Ազգային խորհրդի» կողմից օտար պետության ղեկավարությանը հասցեագրված գաղտնի նամակում խնդրանք է ներկայացվել աջակցելու կառույցի գործունեությանը և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ որոշ «բարեփոխումներ» իրականացնելու նպատակով։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաև, որ Գանիմաթ Զայիդովը 2013 թվականից Ալի Քերիմլիի անունից կապ է հաստատել օտար երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ իշխանության գալու հարցում աջակցություն ստանալու դիմաց խոստանալով ապահովել այդ երկրի ռազմավարական շահերը։ Առանձին դրվագով նշվում է 2020 թվականի հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը Բաքվում անցկացված երթի ընթացքում վարչական շենքեր գրավելու և իշխանության զավթման մասին հայտարարություն անելու ծրագրի մասին։
Ըստ ԱԱԾ-ի՝ Ռամիզ Մեհթիևը 2025 թվականին օտար լեզվով պատրաստված փաստաթուղթ է փոխանցել Ալի Քերիմլիին, իսկ դրա խմբագրված տարբերակը ուղարկվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 17 մլն մանաթի օրինականացման հոդվածներով։ Աբբաս Աբբասովի, Ֆուադ Ղահրամանլիի և Գանիմաթ Զայիդովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, դատարանը նրանց նկատմամբ հեռակա կարգով կալանք է ընտրել։





























