Հայկ Սարգսյանը` իր հասցեին շրջանառվող կոռուպցիոն մեղադրանքների մասին

ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը իր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր հասցեին շրջանառվող կոռուպցիոն մեղադրանքների մասին տեղեկությունները սուտ և կեղծ են։


«Նման բան չկա, դա սուտ է ու կեղծ, շատ մարդկանց անուններ կարող են տալ, բայց դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործին»,- ասել է նա։


Սարգսյանի խոսքով՝ մամուլից է տեղեկացել, որ իր բացակայության ընթացքում որոշ վարչության անդամներ իրեն մեղադրել են կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն գործերի մեջ։ Նրա գնահատմամբ՝ եթե նման բան տեղի է ունեցել, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, քանի որ կուսակցականն իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը և արտահայտելու իր կարծիքը։


«Իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե որևէ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ»,- նշել է նա։


Հայկ Սարգսյանը ընդգծել է, որ իրեն որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ինքն ընկալել է այնպես, ինչպես դրանք հնչեցվել են։ Նրա խոսքով՝ չի կարծում, որ վարչապետի ասածը իրեն է վերաբերում, քանի որ այդ դեպքում կլինեին կոնկրետ գործողություններ։


«Չեմ ցանկանա, որպեսզի ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը, բայց նշում եմ, որ որևէ գործով չեմ անցել և չեմ անցնում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկման ժամանակ, համենայն դեպս իմ ներկայությամբ, որևէ մեկը ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի մեջ»,- ասել է Սարգսյանը։


Հարցին՝ արդյոք նա բացառում է իր հնարավոր կալանավորումը՝ ընտրություններից առաջ կոռուպցիայի դեմ պայքարը ցույց տալու նպատակով, Հայկ Սարգսյանը պատասխանել է, որ ոչինչ չի հաստատում և ոչինչ չի բացառում։

Քաղաքականություն