Թունյանը պարզաբանել է 2% քեշբեքի նպատակը

Անկանխիկ առևտրի դեպքում քաղաքացիներին 2 տոկոս քեշբեք տրամադրելու հիմնական նպատակներից մեկը թափանցիկության բարձրացումն ու ստվերի կրճատումն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։


Անդրադառնալով հարցին, թե ինչու քեշբեք չի նախատեսվում կոմունալ ծառայությունների կամ ֆինանսական պարտավորությունների վճարման դեպքում, նա նշել է, որ սուպերմարկետներում և խանութներում քարտով կատարվող գնումները գրանցվում են, տեսանելի են և դրանց համար վճարվում են հարկեր, ինչը մեծացնում է պետական բյուջեի հնարավորությունները։ Նրա խոսքով՝ կոմունալ ծառայությունների և ֆինանսական գործարքների ոլորտում ստվերի խնդիր չկա, և այդ պատճառով դրանք ներառված չեն ծրագրում։


Թունյանը նաև պարզաբանել է, որ ամբողջ առևտրի 2 տոկոս քեշբեքը նշանակում է, որ գումարի մի մասը չի ուղղվելու միայն մանրածախ առևտրին։


Խոսելով Կենտրոնական բանկի նախագահի հայտարարության մասին՝ բանկային քարտերով կատարվող առևտրի միջնորդավճարների նվազեցման վերաբերյալ, Թունյանն ասել է, որ նախկինում բանկերը առևտրի կետերից գանձում էին հավելյալ 1–3 տոկոս՝ կախված քարտի տեսակից, ինչը հատկապես փոքր բիզնեսի համար լրացուցիչ բեռ էր։ Նրա խոսքով՝ այժմ ընդունվել է որոշում այդ միջնորդավճարները գրեթե կիսով չափ նվազեցնելու մասին, ինչի արդյունքում տնտեսվարողների կրած բեռը կկրճատվի։


Նա նշել է, որ այդ փոփոխության արդյունքում առաջացող շուրջ երկու միլիարդ դրամ վնասը բանկային համակարգը վերցրել է իր վրա՝ իր նախորդ տարիների շահույթի հաշվին։


Անդրադառնալով բանկային ծառայությունների սակագներին և բանկերի շահույթներին՝ Թունյանը նշել է, որ Հայաստանում առկա է բանկերի մեծ թիվ և մրցակցություն, ինչը պետք է նպաստի սակագների կարգավորմանը։ Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է բանկային համակարգի հարկման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն, որի մասին մանրամասները կներկայացվեն հետագայում։

Քաղաքականություն