«Խաղաղության խորհրդին» կարող են առանց վարձավճարի անդամակցել մինչև 3 տարի․ ԱԳՆ
«Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ներկայացնելով «Խաղաղության խորհրդին» ՀՀ-ի անդամակցության կարգը։
«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդին» անդամակցությանն այս հիմունքներով։ Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- ասել է Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։





























