Հարավային Կորեայի նախկին վարչապետը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դուկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման ապստամբության գործով։ Քննչական մարմինների գնահատմամբ՝ նա առանցքային դեր է ունեցել դավադրության առաջնորդին աջակցելու գործում, որի տակ նկատի է առնվում երկրի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը։ Այդ ժամանակահատվածում Հան Դուկ Սուն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, այնուհետև ժամանակավորապես կատարել է նախագահի պարտականությունները։
Դատարանի որոշումը ավելի խիստ է եղել, քան պահանջում էր մեղադրող կողմը․ դատախազությունը միջնորդել էր Հան Դուկ Սուին դատապարտել 15 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը ներկայումս հանդիսանում է ութ քրեական գործի ֆիգուրանտ, որոնցից չորսը կապված են Հարավային Կորեայում ռազմական դրության սահմանման հետ։ Խոսքը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին, երբ երկրում սահմանվել էր ռազմական դրություն՝ սահմանադրության խախտմամբ։ Մի քանի ժամ անց խորհրդարանը չեղարկել էր այդ որոշումը և պահանջել իմփիչմենթ։ Դրանից հետո Յուն Սոկ Յոլը հեռացվել էր պաշտոնից և հանձնվել դատարանին։
Հունվարի 16-ին Հարավային Կորեայի նախկին ղեկավարի նկատմամբ դատավճիռ էր կայացվել 2025 թվականի հունվարին ձերբակալությանը խոչընդոտելու գործով․ նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Ակնկալվում է, որ ապստամբության գործով Յուն Սոկ Յոլի դատավճիռը կարող է հրապարակվել փետրվարի սկզբին։





























