Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հանրապետությունում ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել, դրանք հաշվառելու գործընթացը սկսվում է հունվարի 20-ից։ Այս մասին ասուլիսում ասել է կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Նախորդիվ, երբ հնարավորություն էր տրվել քաղաքացիներին հաշվառել մինչև 2021 թվականը իրենց կառուցած ինքնակամ շինությունները, շատ քաղաքացիներ չէին հասցրել մասնակցել գործընթացին։
«Բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացրել՝ խնդրելով ևս մեկ հնարավորություն տալ։ Նշում էին, որ ժամանակը բաց են թողել, չեն հասցրել, բավարար տեղեկացված չեն եղել։ Որոշում կայացվեց ևս մեկ հնարավորություն տալ, ու 2026 թվականի հունվարի 20-ից արդեն գործընթացը մեկնարկում է։ Վերջնաժամկետ տրված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասել է Սուրեն Թովմասյանը։
Այն քաղաքացիները, որոնք ունեն մինչև 2021 թվականը կառուցած ինքնակամ շինություն, արդեն կարող են այն չափագրել ու մուտքագրել էլեկտրոնային համակարգ, հաստատումը ստանալուց հետո արդեն կարող են համարել իրենց անշարժ գույքը հաշվառված և կարող են դիմել համայնք՝ այդ շինությունն օրինականացնելու հարցը քննարկելու համար։
Նախ պետք է համոզվել, որ շինությունը կառուցվել է մինչև 2021 թվականը, այնուհետև դիմել չափագրողին, որը տեղում աշխատանքներ կատարելուց հետո համապատասխան փաստաթղթերը ներբեռնելու է էլեկտրոնային համակարգ, որի վերաբերյալ քաղաքացին կստանա sms հաղորդագրություն։ Կադաստրի հաստատումից հետո քաղաքացին կստանա 2-րդ sms հաղորդագրությունն այն մասին, որ կառույցը հաշվառված է։ Սուրեն Թովմասյանը հորդորեց քաղաքացիներին հաշվառման գործընթացը չթողնել վերջին օրերին ու սկսել հենց հունվարի 20-ից։ Տարվա վերջին որակավորված մասնագետների ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել ծառայությունների գների փոփոխմանը։Նախորդ կարգավորումների արդյունքում հաշվառման համակարգով ներկայացվել է 70 հազար ինքնակամ շինություն։





























