Իրան–Իսրայել լարվածությունում ի հայտ են եկել նոր գործոններ. Ոսկանյան
Իրանի շուրջ լարվածության այս փուլում երկու չափազանց կարևոր նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նախ՝ Իսրայելի պահվածքը չափազանց զուսպ էր։ Ընդամենը մի քանի օր առաջ նույնիսկ այս երկրի կառավարության նիստում քննարկվել է, որպեսզի իսրայելցի պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ չանեն, որոնք Իրանին կարող են դրդել Իսրայելին հարվածներ հասցնելու։ Ակնհայտ է, որ Թել-Ավիվը մի կողմից չի ցանկանում «ուրիշի» պատերազմում թիրախ դառնալ, իսկ մյուսից՝ հավանաբար ճիշտ են այն տեղեկությունները, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել Իրան-Իսրայել ինչ-որ պայմանավորվածություն։
Մեկ այլ գործոն նույնպես, ամենայն հավանականությամբ, ազդում է այս գործընթացի վրա, եթե Իսրայելը կարողացել էր նկատելիորեն թուլացնել Իրանի ստեղծած դիմադրության առանցքը, ապա 12-օրյա պատերազմից և վերջին ցույցերից հետո իրանական կողմն իր հերթին զգալիորեն չեզոքացրել է իսրայելական գործակալական ցանցը իր երկրի ներսում, ուստի հաստատվել էր որոշակի հավասարակշռություն։
Երկրորդ կարևոր հանգամանքը Թուրքիայի գրեթե բացահայտ աջակցությունն է Իրանին։ Եթե նախորդ ցույցերի ժամանակ Անկարայից քննադական խոսք հնչում էր, ապա Թուրքիայի ԱԳՆ նախարար Ֆիդանի այսօրվա ասուլիսն, ըստ էության, աջակցության ցուցիչ էր Թեհրանին, քանի որ թուրքական կողմը փաստացիորեն դեմ է Իրանի դեմ հարձակմանը և ակտիվ դիվանագիտություն է վարում կողմերի միջև։
Այս ամենը առաջին հայացքից կարող է շատ կարևոր չթվալ, բայց իրականում սրանք այն սաղմերն են, որ կարող են ծնել հետագա ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել Իրան-Թուրքիա հարաբերությունների ջերմացմանը և Թեհրանի ու Թել-Ավիվի միջև լարվածության չհայտարարված նվազմանը»։





























