ԱՄՆ-ն սկսել է Էփշտեյնի գործով նյութերի հրապարակումը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տասնյակ հազարավոր փաստաթղթերի հրապարակումը, որոնցում նա մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նյութերը հրապարակվում են «Էփշտեյնի ֆայլերի թափանցիկության ակտի» շրջանակում, որը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ստորագրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մոտ մեկ ամիս առաջ։ Արխիվային փաստաթղթերի առաջին փաթեթը Արդարադատության նախարարության կայքում տեղադրվել է դեկտեմբերի 19-ին։
Առաջիկա շաբաթներին նախատեսվում է հրապարակել գործի հետ կապված տասնյակ հազարավոր ֆայլեր։ Նախարարությունը հայտնում է, որ հրապարակված փաստաթղթերի զգալի մասը՝ ինչպես տեքստերը, այնպես էլ լուսանկարները, խմբագրված են։
Նշվում է, որ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ միջոցները՝ զոհերին վերաբերող անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն տվյալների մեծ ծավալի պատճառով հնարավոր է, որ որոշ նյութերում ակամայից պահպանված լինեն զգայուն տեղեկություններ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրապարակված փաստաթղթերում էական նոր տվյալներ չեն պարունակվում ազդեցիկ գործարարների կամ քաղաքական գործիչների հետ Էփշտեյնի կապերի վերաբերյալ։
Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթերում հազվադեպ է հիշատակվում, մինչդեռ արխիվում առկա են բազմաթիվ լուսանկարներ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ։ Լուսանկարներում, ի թիվս այլոց, երևում են նաև երգիչ Մայքլ Ջեքսոնը, The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Ջեֆրի Էփշտեյնին մեղադրում էին անչափահաս աղջիկների սեռական շահագործման և նրանց ազդեցիկ անձանց տրամադրելու մեջ։
Նա առաջին անգամ դատապարտվել էր 2008 թվականին՝ մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքով՝ դատախազության հետ գործարքի արդյունքում կրելով 13 ամսվա ազատազրկում։ 2019 թվականի հուլիսին Էփշտեյնը կրկին ձերբակալվել էր մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով, սակայն նույն տարվա օգոստոսին ինքնասպան էր եղել Նյու Յորքի բանտախցում։





























