«Աբովյան» ՔԿՀ–ում պահվում է 70 կին և 10 անչափահաս
Այս պահին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված է 70 կին և 10 անչափահաս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, գնդապետ Հեղինե Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ անչափահասներից ամենափոքրն ընդամենը 15 տարեկան է և գտնվում է կալանքի տակ՝ դեռևս չդատապարտված կարգավիճակով։ «Հիմնականում անչափահասները հայտնվում են դանակահարության և գողությունների դեպքերով, իսկ կանայք՝ տարբեր հոդվածներով։ Կանանց կատարած հանցագործությունները հիմնականում սոցիալական բնույթի են՝ գողություն, խարդախություն, ավելի թեթև հանցագործություններ։ Սպանության դեպքեր կան, բայց շատ չեն։ Վերջերս ավելացել են նաև թմրանյութերի հետ կապված դեպքերը»,– նշել է նա։
Հեղինե Մարտիրոսյանի խոսքով՝ ներկայում գտնվում են ՔԿՀ-ի վերասոցիալականացման կենտրոնում, որտեղ իրականացվում է ուսումնական գործընթաց և կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։ Նրա խոսքով՝ պարբերաբար կազմակերպվում են ներկայացումներ, այդ թվում՝ դրսից հրավիրված մասնակիցների մասնակցությամբ։
«Վերջերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները ներկայացում ցուցադրեցին մեր կանանց համար, որը շատ լավ արձագանք ունեցավ։ Մենք արդեն խնդրել ենք, որպեսզի նմանատիպ միջոցառում կրկին կազմակերպվի»,– ասաց ՔԿՀ-ի պետը։
Նա նաև տեղեկացրեց, որ անչափահասների և երեխամայրերի համար նախատեսվում է տարեմուտի հանդես։
«Այս պահին ունենք երկու երեխամայր՝ մինչև երեք տարեկան երեխաներով։ Նրանց համար անպայման կազմակերպվելու է տոնական միջոցառում, հնարավոր է՝ նաև դրսից հյուրերի մասնակցությամբ»,– հավելեց Հեղինե Մարտիրոսյանը։





























