Կասկածներ կան՝ Փաշինյանի հայտարարությունների անկեղծության վերաբերյալ․ ադրբեջանցի պատգամավոր
Մեկ խմբին արհեստականորեն առանձնացնելը, դրան որոշակի առաջնահերթություն տալը և մնացած բոլորին լիովին անտեսելը փորձ է խաղալու Հայաստանի քաղաքական վերնախավի այն խմբերի շահերի հետ, որոնք դեռևս խոսում են վրեժխնդրության և ռևանշիստական տրամադրությունների մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը։
«Նման ձևակերպումները ներկայացվում են որպես կարիքավորների համար մտահոգություն, բայց իրականում դրանք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից հետո կարգավորման օրակարգին ավելացնում են բաղադրիչներ, որոնք ոչ թե մոտեցնում են նրանց, այլ ավելի են հեռացնում միմյանցից», - հայտարարել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար։
Նա նշել է, որ փաստաթղթի շուրջ առաջանում են երկու հիմնական հարցեր։ Առաջինը վերաբերում է նրան, թե որքանով են դրա վրա աշխատողները Հայաստանի ԱԳՆ-ում հետևել պետության ղեկավարի հանձնարարություններին։ Երկրորդը՝ ինչու են եվրոպական կառույցների որոշ շրջանակներ, որոնք պետք է մանրամասն պատկերացում ունենային այս թեմաների վերաբերյալ, ընդունել հայ ներկայացուցիչների այն մոտեցումը, որով ներկայացվում են այս հակամարտությունից բխող հետևանքները կամ խնդիրները։
«ԵՄ-ՀՀ փաստաթուղթը, փոխանակ երկու պետությունների կամ երկու հասարակությունների միջև մերձեցման նպաստելու, խոչընդոտներ է ստեղծում և, ըստ էության, ծառայում է առճակատման շարունակությանը», - ընդգծել է նա։
Զուլֆուղարովի խոսքով՝ առաջանում են կասկածներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության օրակարգին աջակցելու մտադրությունների անկեղծության նկատմամբ։





























