Չպետք է ստորագրեինք Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը սահմանափակում է ԵՄ-ի հետ մեր շփումները. Մարուքյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և պնդում է, որ Հայաստան-ԵՄ օրեր առաջ ստորագրված նոր փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք պնդում են, որ այդ փաստաթղթում չպետք է գրվեր, որ Լեռնային Ղարաբաղից փախստականներ կան Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ շատ մեղմ է գրված, գրված չէ, որ էթնիկ զտում է տեղի ունեցել, գրված է, որ փախստականներ կան Հայաստանի Հանրապետությունում։ Այնտեղ նաև նշված է Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության մասին համապատասխան դրույթ, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ խաղաղության, այսպես կոչված պայմանագրի նախաստորագրված յոթերորդ հոդվածի համաձայն, այն նույնպես խնդրահարույց է։


Ընդհանուր առմամբ Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված փաստաթուղթը հակասում է խաղաղության օրակարգին, ինչպես նաև շատ դժգոհ են մնացել, որ այնտեղ ոչ թե գրված է TRIPP, այլ խաղաղության խաչմերուկ, որը նրանք գտնում են, որ տարածաշրջանում չունի որևէ կոնսենսուս»։


Մարուքյանը նշել է, որ չպետք է ստորագրեինք Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության ԵՄ-ի հետ շփումներում։


«Նաև ապագայում դուք կտեսնեք, թե ինչ հարցերով, ինչ սահմանափակումներ ենք մենք ունենալու»,- ընդգծել է նա։

Քաղաքականություն