Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:
Առաջին կանգառը եղել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է ՀՀ Կառավարությունը: Վարչապետն ընդգծել է, որ երկրի անվտանգությունը միայն բանակի շնորհիվ հնարավոր չէ ապահովել, անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, և Կիրանցի պատը անվտանգության այդ գործիքներից մեկն է:
«Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է և խաղաղության օրակարգի մեր պատկերացումը: Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է»,- ասել է երկրի ղեկավարը և հավելել, որ ի հեճուկս այն կանխատեսումների, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 մլնի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում: Մինչև սահմանազատումը գյուղը 90 տնտեսություն է ունեցել:
Նիկոլ Փաշինյանը սահմանազատման գործընթացը կարևորել է նաև կառավարման տեսանկյունից և ընդգծել՝ դրա կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գիտես քո պատասխանատվության գոտին և շրջանակը:
Այնուհետև խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:
Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիները այցելել են նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները ներկայումս գտնվում են ավարտական փուլում:
Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:





























