Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ
Երկու օրվա ընթացքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Գլխավոր շտաբի պետ գեներալ Անդրեյ Հնատովի հետ՝ Ուկրաինայում կայուն և արդար խաղաղության հուսալի ուղին առաջ մղելու շուրջ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել է գերատեսչության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 5-ին խումբն անցկացրել է վերջին երկու շաբաթվա ընթացքում իր վեցերորդ հանդիպումը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ումերովը կրկին նշել է, որ Ուկրաինայի համար առաջնահերթություն է այնպիսի կարգավորման հասնելը, որը կպաշտպանի նրա անկախությունն ու ինքնիշխանությունը, կապահովի ուկրաինացիների անվտանգությունը և կայուն հիմք կստեղծի բարգավաճ ժողովրդավարական ապագայի համար։
«Մասնակիցները քննարկել են ամերիկյան կողմի և ռուսների վերջին հանդիպման արդյունքները և այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել այս պատերազմի դադարեցմանը։ Ամերիկացիները և ուկրաինացիները նաև համաձայնեցրել են անվտանգության միջոցառումների շրջանակը և քննարկել կայուն խաղաղություն պահպանելու համար անհրաժեշտ զսպող հնարավորությունները։ Երկու կողմերն էլ համաձայնել են, որ ցանկացած համաձայնագրի հասնելու իրական առաջընթացը կախված է Ռուսաստանի՝ երկարատև խաղաղության նկատմամբ լուրջ հավատարմություն ցուցաբերելու պատրաստակամությունից, ներառյալ՝ լարվածության թուլացման և սպանությունները դադարեցնելու քայլերը։
Կողմերը նաև առանձին քննարկել են ապագա բարգավաճման ծրագիրը, որն ուղղված է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման, համատեղ ամերիկա-ուկրաինական տնտեսական նախաձեռնությունների և երկարաժամկետ վերականգնման ծրագրերի աջակցմանը։
Ամերիկյան և ուկրաինական կողմերն ընդգծել են, որ պատերազմի դադարեցումը և հրադադարի ու լարվածության թուլացման վերաբերյալ վստահելի քայլերն անհրաժեշտ են ագրեսիայի վերսկսումը կանխելու և Ուկրաինայի վերակառուցման համապարփակ ծրագիրն իրականացնելու համար, որը նպատակ ունի երկիրն ավելի ուժեղ և բարգավաճ դարձնել, քան պատերազմից առաջ է եղել», - նշել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ մինչ այդ Ուիթքոֆը և Քուշները այցելել են Մոսկվա, որտեղ մոտ հինգ ժամ տևած բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։





























