Անհայտ ԱԹՍ-ներ Իռլանդիայում` Զելենսկիի ինքնաթիռի վայրէջքից առաջ

BBC-ի տվյալներով՝ Իռլանդիայի իշխանությունները տեղեկացել են, որ երկրի օդային տարածքում նկատվել են անհայտ անօդաչու սարքեր այն պահին, երբ Դուբլինում պետք է վայրէջք կատարեր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ինքնաթիռը։ Զելենսկին շաբաթվա սկզբին ժամանել էր Իռլանդիա պաշտոնական այցով։


Կառավարական աղբյուրները հաստատել են միջադեպը, սակայն Իռլանդիայի զինված ուժերը չեն մեկնաբանել տեղեկատվությունը, որը սկզբում տարածել էին լրատվամիջոցները։


Անօդաչուների գոյությունը հաստատել է նաև Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը։


«Անվտանգության համար պատասխանատու է ընդունող կողմը։ Նրանց տվյալներով՝ իսկապես եղել են նման անօդաչուներ, բայց դա ոչ մի կերպ չի ազդել այցի վրա և չի պահանջել ծրագրում որևէ փոփոխություն»,– լրագրողներին ասել է Լիտվինը։


Առաջինը միջադեպի մասին հաղորդել է իռլանդական The Journal-ը։ Հրապարակման համաձայն՝ երկուշաբթի երեկոյան, երբ Զելենսկու ինքնաթիռը մոտեցել է Դուբլինին, չորս անհայտ անօդաչու սարք շարժվել է նախագահական օդանավի ենթադրյալ երթուղու ուղղությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ