Կաթողիկոսը պաշտպանում է սրբապղծությանը. Առաքել սրբազան
Մենք մեկ ամիս շարունակ Ամենայն հայոց կաթողիկոսին ասել ենք, հորդորել ենք, որ Արշակ Սրբազանի հարցը պետք է լուծվի, սրբապղծություն է տեղի ունեցել. անգամ չենք ասել՝ թող կարգալույծ արվի, ասել ենք, որ եթե հնարավոր է, որոշ ժամանակով, ասենք 5-6 ամսով կասեցնել իր ծառայությունը, թող գնա, զղջա, ապաշխարհի, վերադառնա եկեղեցի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ով ևս երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստորագրել է եպիսկոպոսների դիմումի տակ։
Նա հավելել է, որ կաթողիկոսն ասել է՝ միգուցե դա ճշմարտություն չի, բայց հետո փաստերով ամեն ինչով պարզվեց, որ դա իրականություն է։
«Դրանից հետո կաթողիկոսը հանձնախումբ է ստեղծել, ասել է դուք զբաղվեք էդ հարցով։ Փորձաքննություն էլ եկել է, ու երբ տարել են, կաթողիկոսն ասել է՝ այդ հետազոտության արդյունքը ինձ համար առ ոչինչ է, ես չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Է եթե եկեղեցին մեկ Արշակով պիտի կործանվի, ուրեմն թող կործանվի։ Եթե ինքը այդպես է մտածում, ուրեմն ինքը պաշտպանում է սրբապղծությունը։ Հենց սա է, որ շատ եպիսկոպոսների դուրը չի եկել։ Սա ենք մենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում»,–ասել է նա։
Հարցին՝ ձեր պահանջների մեջ կաթողիկոսի հրաժարականի հարց չկա՞, նա պատասխանել է.
«Եթե այդ հարցը ինքը լուծի, չկա այդպիսի խնդիր։ Եթե չլուծի, ես արդեն չեմ կարող ասել։ Ոչ մի հոգևորական Հայ եկեղեցու դեմ բան չունի, հայ եկեղեցականը տեսնում է, որ ահագնանում է մեղքը ձնագնդի պես։ Մենք ուզում ենք, որ այդ ձնագնդիկը հալվի, իսկ հալվելը կլինի գիտակցել մեղքը, զղջալ ու ապաշխարել։ Եկեղեցու դեմ շարժում գոյություն չունի։ Մենք միայն ասում ենք, որ այս մարդուն առժամանակ հեռացրեք, նույնիսկ կարգալուծության հարցը չի դրված»,- հավելել է Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։
Ինչ վերաբերում է նախօրեին վարչապետի հետ իրենց հանդիպմանը, Առաքել Սրբազանը հրաժարվել է որեւէ մանրամասն հայտնել՝ նշելով, որ այդ հարցերի պատասխանները միայն վարչապետի աշխատակազմից կարելի է ստանալ։





























