Ցմահ ազատազրկում Ղրիմի կամրջի պայթյունի գործով մեղադրյալներին. նրանց թվում են նաև հայերը

Դոնի Ռոստովի Հարավային շրջանի ռազմական դատարանը 2022-ի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունի գործով ութ կալանավորված անձանց մեղավոր է ճանաչել և դատապարտել ցմահ ազատազրկման։


Գործով մեղադրվում է ընդհանուր առմամբ 13 մարդ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Ութ կալանավորվածները՝ Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբան, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Տերչանյանը, մեղադրվել են ահաբեկչական գործողությունների կազմակերպման և պայթուցիկ նյութերի տեղափոխման մեջ, իսկ Սոլոմկոն ու Տերչանյանը  մեղադրվել են նաև պայթուցիկ նյութերի մաքսանենգության համար։


Գործը քննվել է դռնփակ դատական կարգով, և մեղադրող կողմը բոլոր ութ անձանց համար պահանջել էր ցմահ ազատազրկում։ Մեղադրյալները չեն ընդունել մեղադրանքները՝ հայտարարելով, որ տեղեկացված չեն եղել տեղափոխվող բեռի մասին։


Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի պայթյունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ին․ պայթուցիկներով բեռնված բեռնատարի պայթյունի հետևանքով կամրջի մի քանի հատվածներ փլուզվել էին, զոհվել էին բեռնատարի վարորդը և մոտակայքում գտնվող մեքենայի չորս ուղևոր։

Քաղաքականություն