Քաղաքականություն

Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»

Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները բացահայտել են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել հրաժարվել իր երբեմնի ամենավստահելի թիմակիցներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայություններից։  


Օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։


Ըստ տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանը, որը մինչև հուլիսի 24-ը ներառյալ երկարատև արձակուրդում է, ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Նրա մերձավոր թիմակիցները օրաթերթի հետ զրույցում հայտնել են, որ նա, ամենայն հավանականությամբ, կգնա Ազգային ժողով, կվերցնի պատգամավորական մանդատը և կշարունակի իր գործունեությունը որպես պատգամավոր։


Սակայն ՔՊ վարչության  աղբյուրները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Նրանց փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն Արայիկ Հարությունյանի նկատմամբ կուտակվել է հատկապես ընտրական գործընթացի ընթացքում։


Մասնավորապես, վարչապետը դժգոհ է եղել նախընտրական շտաբի աշխատանքի կազմակերպումից, ինչպես նաև քաղաքական և սոցիոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության որակից։ Ըստ իշխանական աղբյուրների՝ մինչև ընտրությունները ՔՊ շտաբի պետի կողմից Փաշինյանին զեկուցվել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ շուրջ 65 տոկոս աջակցություն և նույնիսկ ապահովել սահմանադրական մեծամասնություն։


Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իրեն ներկայացվել են իրականությունից կտրված գնահատականներ, որոնց հիման վրա ձևավորվել են քաղաքական սպասումները։ Ըստ այդմ՝ Փաշինյանը համարում է, որ շտաբային աշխատանքի և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են եղել, և այդ պատասխանատվությունը կրում է գլխավորապես Արայիկ Հարությունյանը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250