Կրակի բռնկումը պատահական չէ, ով է շահագրգռված եղել՝ չգիտեմ. Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը նշում է, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում մոլեգնող հրդեհները չի կարող համարել պատահական, հաշվի առնելով տարբեր օջախների առկայությունն ու Դիլիջան ազգային պարկին պատճառված մեծ վնասը։


Տավուշի և Գեղարքունիքի մարզերում մի քանի օր շարունակ հրդեհներ են տարածվում․ դրանց մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավորը հիշեցրել է, որ նախապես մեծ թվով ցանքատարածություններ և անտառներ էին այրվում Ճամբարակի հատվածում, ինչից հետո կրակը հասել է Տավուշի մարզ և տարածվել Դիլիջան ազգային պարկի տարածքում։


«Երեկ ինձ ահազանգեցին, որ չորս օջախ կա, դա Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր, մեկը «Լեռնային Հայաստան» հանգստյան տան վերևի հատվածն էր, երրորդը ոլորանների մոտ էր մեծ օջախ, և չորրորդը Սեմյոնովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ։


Ամբողջ գիշեր աշխատանքներ են կատարվել և ի պատիվ փրկարարների և կամավորների անձնվեր աշխատանքի որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կար։ Այնտեղ, որտեղ ես գիշերը եղել եմ, այդտեղ հաջողվել է կրակը մարել։ Առավոտյան ինձ տեղեկացրեցին, որ ՊՆ–ի ուղղաթիռներ են ներգրավել։


Գիշերը ինչ-որ մի պահի թվում էր, որ արդեն հնարավոր չի կառավարել, որովհետև կրակը մեծ ուժգնությամբ մոտենում էր ներքևի հատվածներին, բայց փրկարարների պայքարը այս պահի դրությամբ իր պտուղները տվել է»,–ասաց պատգամավորը։


Խոսելով հրդեհների առաջացման պատճառների մասին՝ Գառնիկ Դանիելյանը նշեց, որ առկա օջախները միմյանց հետ «այդքան էլ կապված չեն» և տեղակայված են իրարից բավականին հեռու, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ դրանք տարբեր օջախներ են եղել։


«Անմեղության կանխավարկածը չխախտելով, չեմ ուզում հիմա գնահատականներ տալ, որովհետև շատ նախնական կլինի և կարող է և այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ՝ հաշվի առնելով այդ իրավիճակը։ Ես այս ամեն ինչը պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել։ Այն, որ հրդեհները տարբեր տեղերում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել։ Անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է, պիտի պարզի քննությունը, բայց իմ խորին համոզմամբ, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է»։


Ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ հրդեհների տարածման վրա ազդում են չոր խոտածածկը, չորացած և քամատապալ ծառերը։ Հարցին, թե արդյոք վտանգ կա, որ հրդեհը շարունակի տարածվել, կամ արդեն հիմնական օջախները մարված են, Դանիելյանը պատասխանեց, որ նույնիսկ այն հատվածներում, որտեղ կրակը մարվել է, երբեմն այն կրկին բռնկվում է, և քամին ևս նպաստում է այդ գործընթացին։


Նրա խոսքով՝ գիշերվա ընթացքում նկատվել է, որ Հայաստանի տարբեր մարզերից բերված մեծ թվով տեխնիկա և փրկարարներ են միանում աշխատանքներին։ Դանիելյանի կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ, եթե այդ քայլերը իրականացվեին հրդեհների սկզբնական փուլում, որպեսզի կանխվեին նման ծավալները։ Նա ընդգծեց, որ արդեն լուրջ վնաս է հասցվել էկոլոգիային, ֆլորային և բնությանը, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկի տարածքին։


Պատգամավորը հավելեց, որ այժմ կարևոր է, որպեսզի իրավապահ մարմինները ուսումնասիրեն հրդեհների պատճառների վերաբերյալ շրջանառվող վարկածները, պարզեն, թե ովքեր են շահագրգռված եղել կամ ինչ հանգամանքներ են նպաստել դրանց առաջացմանը, և մեղավոր անձինք ենթարկվեն խիստ պատասխանատվության։

Քաղաքականություն