Դիլիջանի անտառներում հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով. ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը. Գառնիկ Դանիելյան

Այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները: Հրդեհը բռնկվել և տարածվում է միանգամից 4 օջախով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։


«Հրդեհներ են «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում:


Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մեծաքանակ հրշեջ-փրկարարներ, պարեկներ, կամավորներ: Ի դեպ, ուզում եմ շնորհակալություն հայտնել հրշեջ-փրկարարներին՝ անձնազոհ աշխատանքի համար: Ցավոք, կրակը ուժգնորեն տարածվում է, և հրդեհաշիջման աշխատանքները դեռևս չեն տալիս իրենց արդյունքը: Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, քննարկվում է նաև դիտավորության վարկածը:


Հիշեցնեմ, որ տևական ժամանակ է, ինչ Հայաստանի տարբեր շրջաններում լայնամասշտաբ հրդեհներ են տարածվում: Մինչ այս էլ հրդեհ էր բռնկցել Ճամբարակ-Թթուջուր հատվածում:


Սա աղետ է, չափազանց վտանգավոր միտում, որը կանխելու ուղղությամբ պատկան մարմինները պետք է ձեռնարկեն գործուն քայլեր՝ բնակիչների շրջանում իրազեկումից մինչև քննության պատշաճ իրականացում:


Այլապես, ոչնչանում են անտառները, աղտոտվում է օդը, ահռելի վնաս է հասցվում էկոհամակարգին»,-գրել է նա:

Քաղաքականություն