Քաղաքականություն

Եվրոպան ահազանգում է․ հայտնի պարբերականը՝ Բաքվում հայ գերիների դատավարությունների մասին

Եվրոպան ահազանգում է․ հայտնի պարբերականը՝ Բաքվում հայ գերիների դատավարությունների մասին

Չեխական iDNES.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի առաջադրմանը, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների դատավարություններին՝ ներկայացնելով միջազգային կառույցների գնահատականներն ու արձանագրված խախտումները։


Պարբերականը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, դատապարտվել են խիստ պատիժների, որոնցից մի քանիսը՝ ցմահ ազատազրկման։ «Amnesty International»-ը դատավարությունները գնահատել է որպես ոչ թափանցիկ և շինծու, իսկ Եվրոպական խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտել է հայ ռազմագերիների և պահվող անձանց անօրինական կալանավորումը՝ վերահաստատելով իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին։


2026 թվականի փետրվարին, Ռուբեն Վարդանյանի դատավճռից հետո, «Amnesty International»-ը հայերի նկատմամբ իրականացված դատավարությունները որակել է «արդարադատության ծաղր»։ Կազմակերպության տվյալներով՝ մեղադրական եզրակացության ամբողջական տեքստը չի հրապարակվել, իսկ Ադրբեջանի իշխանությունները չեն պատասխանել ներկայացված հարցումներին։


2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, նախկին հրամանատարներ Լևոն Մնացականյանին և Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։


Ռուբեն Վարդանյանի գործը քննվել է առանձին վարույթով։ 2026 թվականի փետրվարի 17-ին նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Միջազգային իրավաբանների հանձնաժողովի (ICJ) տվյալներով՝ առաջադրված մեղադրանքների մի մասը վերաբերում է դեռևս 1988 թվականին, երբ Վարդանյանը սովորում էր Մոսկվայում։


Ըստ ընտանիքի՝ Վարդանյանը հրաժարվել է բողոքարկել դատավճիռը՝ չցանկանալով լեգիտիմացնել այն գործընթացը, որը, իր համոզմամբ, որևէ առնչություն չունի արդարադատության հետ։


«Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ։ Նրա նկատմամբ ընթացող դատավարությունը զուրկ է հիմնարար իրավական երաշխիքներից, իսկ մեղադրանքներն անհիմն են», — ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։


Պաշտպանության կողմը պնդում է, որ Վարդանյանին բավարար ժամանակ չի տրամադրվել պաշտպանությունը նախապատրաստելու համար, իսկ գործի նյութերի զգալի մասը եղել է ադրբեջաներեն, որին նա չի տիրապետում։ Այս և այլ խախտումները ներկայացված են փաստաբան Սիրանուշ Սահակյանի հրապարակած նյութերում։


iDNES.cz-ը նշում է, որ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Ֆրանսիայի Սենատը Ռուբեն Վարդանյանին և մյուս կալանավորված հայ ղեկավարներին ճանաչել են քաղաքական բանտարկյալներ ու կոչ արել անհապաղ ազատ արձակել նրանց։


Ինչպես հիշեցնում է Reuters-ը, 2025 թվականի հունվարի 17-ին մեկնարկած դատավարություններին սկզբից ի վեր թույլատրվել է մասնակցել միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներին, մինչդեռ օտարերկրյա լրագրողների մուտքն արգելվել է։


Միջազգային իրավաբանների հանձնաժողովն իր «Justice Under Pressure» («Արդարադատությունը ճնշման ներքո») զեկույցում արձանագրել է, որ դատավարություններն անցկացվել են առանց անկախ միջազգային դիտորդների։ Ըստ հանձնաժողովի՝ պաշտպաններին չի տրամադրվել գործի նյութերին լիարժեք հասանելիություն, նրանց միջնորդությունները մերժվել են առանց հիմնավորման, իսկ հասարակության, դիվանագետների և միջազգային մամուլի մուտքը դատարան սահմանափակվել է։


Պարբերականն անդրադարձել է նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանը, ըստ որի՝ իր վերաքննիչ բողոքները կորել են, իսկ մեկուսարանից ընդհանուր խուց տեղափոխելիս առգրավվել է նաև եզրափակիչ ճառի տեքստը։ Բաբայանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել միջազգային դատարան։


Ռուբեն Վարդանյանի որդին էլ նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ադրբեջանից հեռանալուց հետո հոր հետ կապը հնարավոր է դարձել միայն կարճատև և խիստ վերահսկվող հեռախոսազանգերով։


Հոդվածում հիշատակվում է նաև Reuters-ի ավելի վաղ հրապարակումը, ըստ որի՝ փաստաբանները բարձրաձայնել էին մեկուսացման, խցերում մշտապես վառվող լույսի, ինչպես նաև ջրի և սանիտարական պայմանների սահմանափակ հասանելիության մասին։ Human Rights Watch-ը և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն նույնպես բազմիցս ուշադրություն են հրավիրել ադրբեջանական բանտերում խոշտանգումների և անպատժելիության խնդրի վրա։


Դավիթ Վարդանյանի խոսքով՝ հայ գերիները բախվել են նաև կրոնական իրավունքների սահմանափակման. հոր կալանքի առաջին օրերին նրան հրաժարվել են տրամադրել Աստվածաշունչ և հայերեն քրիստոնեական գրքեր, իսկ այլ գերիներ հայտնել են, որ իրենց մարմնի վրա դաջված խաչերն ու այլ քրիստոնեական խորհրդանիշները ենթարկվել են վնասման։


«Այս դեպքերը տեղավորվում են Լեռնային Ղարաբաղի հայաթափված տարածքներում հայկական եկեղեցիների և քրիստոնեական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման ավելի լայն պատկերում», - եզրափակում է չեխական  պարբերականը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250