Ռուսական շուկայի կորուստը փոխեց ամեն ինչ․ ուր է գնում հայկական գյուղմթերքը․ Aysor,am
Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ սահմանափակումները, որոնք պայմանավորված էին բուսասանիտարական կանոնների խախտումներով, էական ազդեցություն են ունեցել արտահանման ուղղությունների վրա։ Թեև Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները շարունակում են աշխատել անվտանգության նոր կանոնների մշակման ուղղությամբ, բազմաթիվ տնտեսվարողներ արդեն իսկ զգալի վնասներ են կրել։
Չնայած ՀՀ էկոնոմիկայի նախարարության հավաստիացումներին, թե պետությունը քայլեր է ձեռնարկում արտահանողների կորուստները նվազեցնելու համար, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Aysor.am-ին տրամադրած տվյալները ցույց են տալիս, որ արտահանման կառուցվածքն այս տարվա հունիսին զգալի փոփոխությունների է ենթարկվել։
Եթե 2025 թվականի հունիսին Հայաստանի գյուղմթերքի հիմնական շուկան շարունակում էր մնալ Ռուսաստանը, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում արտահանման աշխարհագրությունը զգալիորեն դիվերսիֆիկացվել է։
2025 թվականի հունիսին միայն Ռուսաստան է արտահանվել ավելի քան 20,6 մլն կգ ծիրան, շուրջ 1,8 մլն կգ կեռաս, ավելի քան 2 մլն կգ պղպեղ, 1,5 մլն կգ լոլիկ, մոտ 482 հազար կգ սոխ, 270 հազար կգ թութ, 215 հազար կգ կանաչի, 196 հազար կգ ելակ և բազմաթիվ այլ գյուղմթերքներ։
Մինչդեռ 2026 թվականի հունիսին նույն ապրանքատեսակների արտահանման հիմնական ուղղություններն արդեն այլ երկրներ են։ Օրինակ՝
- ծիրանի ամենամեծ խմբաքանակն արտահանվել է Ուզբեկստան (1,6 մլն կգ) և Վրաստան (789 հազար կգ),
- կեռասը՝ Վրաստան (720 հազար կգ) և Ուզբեկստան (616 հազար կգ),
- պղպեղը՝ Ուկրաինա (669 հազար կգ) և Ուզբեկստան (367 հազար կգ),
- լոլիկը՝ Ուզբեկստան (317 հազար կգ) և Ուկրաինա (115 հազար կգ),
- սոխը հիմնականում արտահանվել է Վրաստան (1,66 մլն կգ)։
Միաժամանակ, Ռուսաստան արտահանվող որոշ ապրանքների ծավալները կտրուկ նվազել են։ Օրինակ՝ 2025 թվականի հունիսին Ռուսաստան արտահանված շուրջ 1,8 մլն կգ կեռասի դիմաց 2026 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 360 կգ։ Նույն պատկերն է նաև ծիրանի դեպքում․ նախորդ տարվա ավելի քան 20,6 մլն կգ արտահանման փոխարեն այս տարվա հունիսին Ռուսաստան ծիրան ընդհանրապես չի արտահանվել։
Փոխարենը, հայկական գյուղմթերքը սկսել է ավելի ակտիվ մուտք գործել նոր շուկաներ՝ Ուզբեկստան, Ուկրաինա, Իրաք, Լեհաստան, Շվեյցարիա, Սինգապուր, Իրան, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններ։
Փոփոխություններ են նկատվում նաև ծաղիկների արտահանման ուղղություններում։ Եթե 2025 թվականին հիմնական սպառողը Ռուսաստանն էր, ապա 2026 թվականին հայկական ծաղիկներն արտահանվել են Վրաստան, Ուզբեկստան, Բելառուս, Ուկրաինա, Ռումինիա, Իրան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Կիպրոս, Թուրքիա և մի շարք այլ երկրներ։
Թեև արտահանման աշխարհագրությունը դարձել է ավելի բազմազան, ՍԱՏՄ տվյալները վկայում են, որ Ռուսաստանի շուկայի կորուստը դեռ ամբողջությամբ չի փոխհատուցվել։ Շատ ապրանքատեսակների արտահանման ծավալները զգալիորեն նվազել են, իսկ տնտեսվարողները շարունակում են կրել ֆինանսական կորուստներ՝ սպասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք կբերվեն նոր բուսասանիտարական համաձայնություններ, որոնք թույլ կտան վերականգնել արտահանումները դեպի ռուսական շուկա։