Քաղաքականություն

ԱՄՆ-ը կարող է վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը կարող է վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է վերացնել Թուրքիայի նկատմամբ գործող պատժամիջոցները՝ նշելով, որ «ժամանակն է դա անել»։



«Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ կիրառել մեր ընկերների դեմ»,- Անկարայում հայտարարել է Թրամփը, Անկարայում Էռդողանի հետ հանդիպման ժամանակ:



ԱՄՆ նախագահը նշել է, որ Թուրքիան շատ հարցերում ավելի հավատարիմ գործընկեր է եղել, քան մի շարք այլ երկրներ, որոնցից Վաշինգտոնը նման վերաբերմունք էր ակնկալում։



«Թուրքիան շատ առումներով շատ ավելի հավատարիմ է եղել, քան մյուս երկրները, որոնք, ինչպես մենք կարծում էինք, պետք է հավատարիմ լինեին»,- ասել է Թրամփը։



Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները սահմանվել էին 2020 թվականին՝ CAATSA օրենքի շրջանակում, այն բանից հետո, երբ Անկարան Ռուսաստանից ձեռք էր բերել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր։



Պատժամիջոցները վերաբերում էին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությանը (SSB)։ Դրանց հետևանքով Թուրքիան նաև դուրս էր մնացել ԱՄՆ-ի F-35 կործանիչների ծրագրից։


Անդրադառնալով ռուսական արտադրության Ս-400 համակարգերի վերաբերյալ մտահոգություններին՝ Թրամփը հայտարարել է, որ նման մտահոգություններ չունի։



«Ես ընդհանրապես որևէ մտահոգություն չունեմ։ Կասեի, որ այս պահին ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, հավանաբար, ավելի լավ են, քան երբևէ»,- ասել է ԱՄՆ նախագահը։



Թրամփը նաև նշել է, որ Թուրքիան եղել է ԱՄՆ-ի «հիանալի դաշնակիցը» և ընդգծել, որ Անկարան չի ներգրավվել Իրանի շուրջ ստեղծված հակամարտության մեջ։



«Թուրքիան կարող էր ներգրավվել հակամարտության մեջ մյուս կողմում։ Սա շատ ուժեղ երկիր է, բայց նա դա չարեց։ Հնարավոր է՝ դա տեղի ունեցավ իմ շնորհիվ»,- ասել է Թրամփը։



ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին՝ նշելով, որ վստահ է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանում, որ Իրանը միջուկային զենք ունենա։



Թրամփը խոսել է նաև Ուկրաինայի պատերազմի մասին՝ նշելով, որ իր կարծիքով՝ թե՛ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում են համաձայնության հասնել։


«Ցավալի է, որ այսքան երկար տևեց, բայց կարծում եմ՝ դրանից ինչ-որ բան կստացվի։ Եվ նախագահ Էրդողանը նույնպես օգնում է մեզ այդ հարցում»,- ասել է նա։



ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ հարաբերություններին՝ նշելով, որ դրանք որոշ չափով վատացել են այն բանից հետո, երբ Մելոնին հրաժարվել է աջակցել ԱՄՆ-ին Օրմուզի նեղուցի հետ կապված իրավիճակում։



Միաժամանակ Թրամփը նշել է, որ Մելոնիին համարում է «լավ մարդ» և ասել է, որ իր կարծիքով՝ նա պարզապես սխալ որոշում է կայացրել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250