Փաշինյանը և Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ Հայաստանը Ղազախստանի համար հանդիսանում է առանցքային գործընկեր առևտրային և տնտեսական կապերի համար, ղազախ ժողովուրդը մեծապես հարգում է հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և ավանդույթները։ Նրա խոսքով` այսօր Հայաստանը դարձել է ղազախ ժողովրդի համար շատ սիրելի զբոսաշրջային ուղղություն։ Ղազախստանի նախագահի խոսքով` երկու երկրների միջև բաց հարաբերություններ են՝ հիմնված փոխվստահության վրա, փոխադարձ համագործակցությունը սերտ է թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային հարթակներում: «Մեր համագործակցությունը թե՛ առևտրատնտեսական, թե՛ մշակութային, թե՛ կրթական ոլորտներում շարունակաբար զարգանում է: Ես ցանկանում եմ ընդգծել, որ մեր միջպետական հարաբերություններն առանձնահատուկ են, մենք ունենք մեծ հնարավորություններ բազմակողմանիորեն զարգացնել մեր համագործակցությունը: Այսօր մենք կստորագրենք պատմական փաստաթղթեր, ներառյալ փաստաթուղթ, որպեսզի բարձրացնենք մեր հարաբերությունները երկու երկրների միջև և դարձնենք ռազմավարական հարաբերություններ»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչև ռազմավարական գործընկերության մակարդակի: Վարչապետի խոսքով` այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ և իհարկե, նաև հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսևորումներ է ստանում։ «Այսօր Աստանայում փողոցներից մեկն անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով: Սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսևորում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում տնտեսական հարաբերությունների հետագա խորացման համար, բացվում են նոր տրանսպորտային հնարավորություններ, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրել: Երկրի ղեկավարը հավելել է, որ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի անդամները ստանում են նոր օրակարգ , որի շուրջ աշխատանքն արդեն իսկ մեկնարկել է:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, ինչը նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Այդ առումով, երկրների առաջնորդները կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևոր են համարել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի կյանքի կոչումը:
Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է վարչապետ Փաշինյանի անձնական ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում` հավելելով, որ իր երկիրը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների կարգավորմանը:
Նրանք մտքեր են փոխանակել Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթերի գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ:
Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:





























