ԱՄՆ-ի նոր ծրագրում նշված չէ Ուկրաինային ուղղակի ռազմական օգնություն. WSJ

The Wall Street Journal-ը գրել է, որ իր ձեռքի տակ է հայտնվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ամերիկյան նոր տարբերակի պատճենը, որտեղ Ուկրաինային ուղիղ ռազմական օգնության մասին նշում չկա։ Հրատարակության փոխանցմամբ՝ «անվտանգության երաշխիքները, որոնք Վաշինգտոնը կարող է տրամադրել Կիևին հակամարտության կարգավորման շրջանակներում, չեն ներառում ԱՄՆ-ի կողմից ուղղակի ռազմական օգնություն Ուկրաինային»։


Նշվում է, որ 28 կետից բաղկացած ծրագրից բացի, ԱՄՆ-ը առանձին փաստաթղթով է սահմանում անվտանգության երաշխիքները, որոնք Սպիտակ տունը մտադիր է առաջարկել Ուկրաինային։ Դրանք ներառում են աջակցություն՝ լոգիստիկայի, հետախուզության ոլորտներում, ինչպես նաև այլ միջոցներ, որոնք վերջնական տեսք կստանան դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո։ WSJ-ի տվյալներով՝ փաստաթղթում բացակայում է կետ, որը կհաստատի ԱՄՆ-ի պարտավորությունը՝ Ուկրաինային ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։


Ըստ հրապարակման՝ անվտանգության երաշխիքները նախատեսվում են տրամադրել 10 տարով, հնարավոր երկարաձգման հնարավորությամբ։


Ավելի վաղ Axios-ը, անդրադառնալով ԱՄՆ-ի ներկայացրած նոր տարբերակի նախագծին, հայտնել էր, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքների վրա։ Սպիտակ տունը նշել էր, որ առաջարկը պետք է քննարկվի եվրոպացի գործընկերների հետ, և արդյունքների հիման վրա ծրագրում կարող են լինել փոփոխություններ։

Քաղաքականություն