Ռուբիոն կոչով դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային
Վաշինգտոնի վարչակազմը մշակում է առաջարկներ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, և կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն զիջումների։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ТАСС-ի փոխանցմամբ։
Նա X-ում գրել է, որ կարգավորումը պահանջում է «լուրջ և իրատեսական գաղափարների մանրամասն փոխանակում»։ Ռուբիոն նշել է, որ երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մշակում է և շարունակելու է մշակել պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների ցանկ՝ երկու կողմերի կարծիքների հիման վրա։
Արևմտյան լրատվամիջոցները ավելի վաղ գրել էին, որ ԱՄՆ-ը նոր ծրագիր է մշակում Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար և այդ հարցով խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ հղում անելով աղբյուրներին։ Իսկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պաշտոնական խողովակներով ԱՄՆ-ից տեղեկատվություն չի ստացել լրատվամիջոցներում շրջանառվող որոշակի պայմանավորվածությունների մասին։





























