Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Բ.-ն և Ա.Պ.-ն իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով 2025 թվականի մարտի 22-ին հանդիպել են Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության:


Վիճաբանության ընթացքում Կ.Բ.-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Ա.Պ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրան:


Կ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):


Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Քաղաքականություն