Ղազինյանը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու մասին
Եթե պետությունը գերակա շահի ճանաչման իրավունքով վերցնի ՀԷՑ-ի սեփականության իրավունքը, պետք է սեփականատիրոջը 15 տոկոսի չափով ավել վճարի միջազգային անկախ գնահատողի կողմից սահմանած արժեքին։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների ճեպազրույցում այս մասին ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նոյեմբերի 17-ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշել էր, որ առաջիկա 3 ամիսներին պետությունը ՀԷՑ սեփականատիրոջ հետ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։
Դավիթ Ղազինյանի խոսքով՝ սա նշանակում է՝ մի քանի հարյուր միլիոն դոլար պետությունը, հարկատուների հաշվին, վճարելու է ընկերության վարկերի դիմաց, մի քանի հարյուր դոլար էլ վճարելու է սեփականատիրոջը։
«Տվյալ անձնավորությունը շատ լավ գիտի մոտարկված արժեքը և գիտի, որ պետությունը չի կարողանալու այն ձեռք բերել։ Կարծում եմ՝ նրանց խաղաքարտերը խառնվեցին, որովհետև Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի։ Դրանից հետո գնացին այլ ճանապարհով»,- ասաց Ղազինյանը։
«Չի լինի նման բան։ Միլիարդատեր մարդու ձեռքից խլածը մեկ այլ կազմակերպություն չի գա, վերցնի»,- ասաց Դավիթ Ղազինյանը։





























