Երևանը ստեղծում է երթևեկության կառավարման նոր կենտրոն. մանրամասներ
Երևանում ավտոմեքենաների թվի շարունակական աճը, ճանապարհային երթևեկության ծավալների արագ մեծացումը, հանրային տրանսպորտի բարեփոխումների ընթացքը և քաղաքային միջավայրում անվտանգության բարձրացման անհրաժեշտությունը պահանջում են էլ ավելի համակարգված մոտեցում երթևեկության կառավարման գործընթացներում։
Այս մարտահրավերների համատեքստում այսօր ավագանու քննարկմանը ներկայացված էր Երևանի երթևեկության կառավարման կենտրոն ստեղծելու առաջարկը, որը ստացել է դրական եզրակացություն։
Նոր կառույցը կզբաղվի երթակարգավարական համակարգի ձևավորմամբ ու գործարկմամբ, ինչպես նաև խելացի և արդյունավետ կառավարող տեխնոլոգիաների ներդրմամբ։ Նախատեսվում է կիրառել խելացի լուսացույցներ, իրականացնել տրանսպորտային հոսքերի համապարփակ վերլուծություն և ներգրավել համապատասխան տեխնոլոգիական լուծումներ քաղաքի շարժունակությունը բարելավելու համար։
Սրա շրջանակում կհաստատվի առանձին մասնագիտացված համայնքային կառույց, որն առավել արդյունավետորեն կիրականացնի երթևեկության վերահսկումն ու պլանավորումը։





























