Գևորգ Պապոյանը` Վեոլիա ջուրը պետականացնելու լուրերի մասին
«Վեոլիա ջուրը պետականացնելու անհրաժեշտություն, կարծում եմ, չկա»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը վստահեցրել է, որ ընկերության պետականացման վերաբերյալ որևէ քննարկում չի իրականացվում։ Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը յոթ տարի շարունակ նույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել, սակայն նախկինում դա լայն արձագանք չի ստացել, մինչդեռ ութերորդ տարում՝ ընտրությունների նախաշեմին, իրավիճակը փոխվել է։
«Երբ դուք այդ հայտարարությունը հրապարակեցիք, մենք էլ արձագանքեցինք, որ դա լավ հայտարարություն չէ։ Այո՛, կառավարության միջամտության շնորհիվ պետք է ապահովվի 24-ժամյա ջրամատակարարում։ Կառավարությունն ասել է՝ պետք է լինի 24-ժամյա մատակարարում, և եթե կան խնդիրներ, թող ներկայացվեն, որպեսզի դրանք լուծվեն»,- նշել է Պապոյանը։
Նրա հավաստմամբ՝ կառավարությունն ամեն տարի միլիարդավոր դրամներ է ներդնում ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ ջրի կորուստները նվազեցնելու նպատակով։
«Երբ այդ միջոցները չեն վատնվում, այլ ուղղվում են ջրային ենթակառուցվածքների զարգացմանը, կարող ես պահանջել և պարտադրել 24-ժամյա ջրամատակարարում»,- եզրափակել է նախարարը։





























