Շիրակի մարզում հայտնաբերված լուսանը անկել է
Նոյեմբերի 9-ին Երևանի կենդանաբանական այգին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղում լուսանի ձագ է հայտնաբերվել և բռնվել տեղի բնակիչների կողմից։ Տեսչական մարմինը, համապատասխան փաստաթղթավորմամբ, ձագին տեղափոխել էր Երևանի կենդանաբանական այգ։
«Կենդանին այգի է հասել ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Մասնագետները անմիջապես արձանագրել են նրա ծայրահեղ ծանր վիճակը․ կենդանին եղել է հյուծված, ջրազուրկ և խիստ սթրեսի մեջ։ Ակնադիտական գնահատմամբ՝ մոտ 5-6 ամսական ձագ էր, որը, այդ տարիքում, դեռ չի կարողանում ինքնուրույն որս կատարել կամ գոյատևել առանց մոր խնամքի։
Կենդանաբանական այգին անմիջապես ապահովել է հանգիստ միջավայր, տաքություն, ջուր և կեր, սակայն խիստ բժշկական միջամտությունը վտանգավոր էր. դա կարող էր հանգեցնել արագ մահվան։ Ցավոք, կենդանին տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց անկել է։ Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև արձանագրվել են սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով»,- հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։





























