Կբարձրացվի մետաղական ամրանների ներմուծման մաքսատուրքը

Հայաստանում նախատեսվում է բարձրացնել մետաղական ամրանների ներմուծման մաքսատուրքը՝ տեղական արտադրողների համար ստեղծված տնտեսական դժվարությունները մեղմելու նպատակով։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Նարեկ Ղահրամանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ստացել է հավանություն Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։


Նարեկ Ղահրամանյանը նշել է, որ ներկայումս մետաղական ամրանների ներկրման տուրքը կազմում է բազային աշխատավարձի 29-ապատիկը՝ մոտ 29 հազար դրամ։ Սակայն վերջին շրջանում իրանական փոխարժեքի նվազման պատճառով Իրանում արտադրության ինքնարժեքը իջել է մոտ 35 հազար դրամով, ինչի հետևանքով հայկական արտադրողները հայտնվել են անբարենպաստ մրցակցային պայմաններում։


«Առաջարկվում է ներկրման տուրքը սահմանել բազային աշխատավարձի 55-ապատիկի չափով, որպեսզի հավասարակշռվեն ներմուծողների և տեղական արտադրողների հնարավորությունները»,- ասել է Ղահրամանյանը։


Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը ներկայացրել է կառավարության դիրքորոշումը՝ առաջարկելով սահմանել ոչ թե 55 հազար, այլ 45 հազար դրամ մաքսատուրք։ Ղահրամանյանը հայտնել է, որ փոփոխությունը իր համար ընդունելի է։


Նախագիծը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ առաջիկա նիստում։

Քաղաքականություն