ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ խումբը մեր սահմանից այն կողմ չի գնացել, ադրբեջանցիների հետ չի աշխատել. Վայոց ձորի մարզպետ
Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելության խմբի հետ հունվարին մարզպետները հանդիպում կունենան։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
«ԵՄ դիտորդական խումբը դեռ չի հանդիպել ՀՀ մարզպետների հետ, ձևաչափը դեռևս քննարկվում է, և ենթադրվում է, որ մոտակա օրերին կլինի հանդիպում»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` դիտորդական առաքելության հետ կապված հստակություն դեռ չկա, սակայն ենթադրվում է, որ նախորդ եղանակով է լինելու առաքելությունը։
Մարզպետը նշեց, որ դիտորդների նախորդ առաքելությունը, իր կարծիքով, զսպող դեր ուներ Ադրբեջանի համար։
Ինչ վերաբերում է Ջերմուկում տիրող իրավիճակին, ապա Գրիգորյանն ասաց, որ հյուրանոցների մի մասը ծանրաբեռնված է եղել Ամանորի օրերին, մի մասն էլ` ոչ։ Ամեն դեպքում հանգստացողներ կան։
Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։
ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը․ Բորել
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։