Առաջիկայում մեր կենցաղային հոգսերը հոգալու են արհեստական բանականությամբ զինված ռոբոտները. Արշակյան

Երևանում անցկացվեց Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը (ArmIGF2025), որտեղ քննարկվեցին ինտերնետի և նոր տեխնոլոգիաների կիրառման հարցեր։


Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշեց, որ ինտերնետը զգալիորեն փոխել է մարդկանց առօրյան՝ պարզեցնելով տարբեր գործընթացներ՝ սկսած տոմսերի ձեռքբերումից մինչև կապի միջոցները։ Նրա խոսքով՝ ինչպես ինտերնետը փոխեց մարդկության կենցաղը, այժմ նման շրջադարձային փուլ է արհեստական բանականության զարգացումը։


«Առաջիկայում մենք ականատես կլինենք, որ կենցաղային գործերը կկատարեն արհեստական բանականությամբ զինված ռոբոտները, ինչը մարդկանց հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ հատկացնել կրթությանը և ստեղծագործ աշխատանքին»,- ասաց Արշակյանը։


Նա ընդգծեց, որ առաջիկա տասնամյակում սպասվում են տեխնոլոգիական փոփոխություններ, որոնք կազդեն երկրների տնտեսության, կրթական համակարգերի և ինքնիշխանության վրա։ Արշակյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Նորարարության հայկական հիմնադրամը՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացման պետական ծրագրերի մշակման նպատակով։


Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի խոսքով՝ հոբելյանական ArmIGF2025-ը դարձել է հարթակ, որտեղ մասնավոր, ակադեմիական, մասնագիտական և պետական հատվածները քննարկում են ինտերնետի հասանելիության, անվտանգության և զարգացման խնդիրները։

Քաղաքականություն