
Անխուսափելի են վթարներն այս կարգի հին համակարգերի համար. Սարգսյանը՝ կոյուղատար համակարգերի խնդիրների մասին

Ջրային համակարգը հին է, և «Վեոլիա ջուրը» տարեկան իր ուժերով համակարգի ամբողջ մեծությամբ շատ փոքր նորոգումներ է անում: Ենթադրենք՝ ունես 11 հազար կիլոմետր համակարգ և տարեկան իրականացնում ես 200 կիլոմետր ջրագծերի փոխարինում: Սա շատ փոքր ցուցանիշ է, իսկ մեծ ներդրումները կպահանջեն մեծ ծավալով ֆինանսական միջոցներ: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության համար կազմակերպված քննարկման շրջանակում ասաց Կամո Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, թե մարզերում օրերով ջուրն անջատվում է, ինչի հետևանքով քաղաքացիները նույնիսկ տարրական հիգիենայի պայմաններ չեն ունենում:
Անդրադառնալով ջրանջատումներին՝ Կամո Սարգսյանը նշեց՝ համակարգը գերծանրաբեռնված է աշխատում: Բարձր ճնշումներ լինում են հատկապես ամռան ամիսներին, և համակարգը սկսում է գերբեռնված աշխատել, ջրի ինքնահոսը նվազում է, մեխանիկական ջրարտադրությունը՝ ավելանում:
«Անխուսափելի են վթարներն այս կարգի հին համակարգերի համար: Իսկ թե համակարգը ինչու է հին, բոլորս գիտենք: Դրա համար ոչ ոքի չի կարելի է մեղադրել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կոյուղատար համակարգի խնդիրներին, ապա դրանք, ըստ Կամո Սարգսյանի, ևս բազմաթիվ են՝ հատկապես մայրաքաղաքում: Նույնիսկ Երևանի քաղաքապետարանն է ստանձնել կոյուղատար համակարգերի վերանորոգման, փոխարինման աշխատանքներ:
«Երևանում բազմաթիվ դեպքեր կան, որ կոյուղատարը կոյուղատարին միացված չէ, այլ հեղեղատարին է միացված, որի իրավունքը չկա: Ստորգետնյա համակարգը քանդում ես, ինչ-որ բաներ են բացահայտվում ու անհասկանալի»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիրները բազմաթիվ են և լուծման կարիք ունեն:
Այս համատեքստում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մտահոգություն հայտնեց, թե համակարգը մի օր կարող է կանգնել կոլապսի առաջ, ի՞նչ պետք է անել դրանից խուսափելու համար: Կամո Սարգսյանը պատասխանեց. «Պետությունը շարունակական իրականացնում է աշխատանքներ: Ասեմ ավելին, միայն 2025-2026 թվականների համար նախատեսվել էր 10,7 մլրդ դրամի աշխատանքներ, 2026-2027 թվականների աշխատանքները ևս կլինեն նույնքան»:
Նա նաև հիշեցրեց, որ վերջին մագիստրալը 1980 թվականին է մտել Երևան, և այն իր թողունակությամբ չի կարող ապահովել այն ժամանակվա և այսօրվա բնակչության համար անհրաժեշտ ջրի ծավալները:
«Դրան գումարած՝ ինքնահոս եղանակով ջրաղբյուրներում արդեն համարյա 20 տոկոսի ջրի պակասություն կա»,- ասաց նա: