
Անդրեասյանը՝ ՀՊՄՀ-ի ռեկտորի և աշխատակիցների ձերբակալման մասին

Հաշվի առնելով, որ իրավական գործընթաց է, կարծում եմ՝ բոլորս կարիք ունենք սպասելու նախ դատական վճռին, որպեսզի որակումների մասով լինենք վստահ: Ես, իհարկե կսպասեմ այդ վճիռներին, բայց այն, ինչ հաղորդագրությամբ տարածված է, մեղմ է ասել՝ ինձ համար շոկային է, անթույլատրելի, և ես կարծում եմ՝ նման իրավիճակներն ու իրադրությունները պետք է բացառվեն ցանկացած բուհում: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ իր համար անընկալելի է, որ ուսուցիչներ կրթող ԲՈՒՀ-ը կարող է ունենալ վարքագիծ ու վարքականոն, որն ուղիղ հակասության մեջ է մտնում նախարարության առաջ քաշած արժեքների հետ։
ԿԳՄՍ նախարարը ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ իր իսկ ղեկավարած կառույցում նման գործողություններ են տեղի ունեցել և ճի՞շտ են արդյոք լուրերը, որ նա ռեկտոր Սրբուհի Գևորգյանի մտերիմն է և իր անմիջական աջակցությամբ է Գևորգյանը ռեկտոր նշանակվել, Անդրեասյանը պատասխանել է.
«Մտերմության ու ընկերության մասին դիտարկումներին ուղղակի չեմ արձագանքի, որովհետև ես բազմիցս ասել եմ՝ գործնական դաշտում ունեմ բացառապես գործնական հարաբերություններ: Տիկին Գևորգյանի հետ ծանոթացել և առնչվել եմ հենց իր այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իմ հարաբերությունները ձևավորվել են իբրև գործնական և եղել են գործնական։ Տիկին Գևորգյանը ռեկտոր է ընտրվել 2022 թվականին: Այո՛, ես այդ ժամանակ եղել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ, և նա ընտրվել է խորհրդի ձայների մեծամասնությամբ: Դա փաստ է»,-նշել է նա:
Ժաննա Անդրեասյանն ասել է, որ մոնիտորինգի հավելյալ մեխանիզմներ պետք է ձեռնարկվեն, եթե գործադիր ղեկավարության հետ կապված առկա են այդպիսի ռիսկեր, դա նշանակում է, որ ԲՈՒՀ-ում կունենան շատ ավելի հետևողական և խիստ մոնիտորինգային համակարգ:
Հարցին՝ արդյո՞ք Սրբուհի Գևորգյանը հեռացվելու է ռեկտորի պաշտոնից, ԿԳՄՍ նախարարը նշել է, որ չի ցանկանում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց տարածված հաղորդագրությունը խիստ մտահոգիչ է:
«Դատական պրոցեսներից հետո կհասկանանք յուրաքանչյուրի մասնակցության և ներգրավվածության աստիճանը, և դրանից հետո կարող ենք այլ խոսակցություն ունենալ, եթե դրա կարիքը լինի։ Այս փուլում ես այլ տարբերակ չեմ տեսնում, որովհետև հնչեցված մեղադրանքներն ավելի քան լուրջ են և դրանց պետք է համապատասխան արձագանք տրվի»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը։