
ՀԱՄԱՍ-ը հերքել է իր կողմից հրադադարի խախտման պլանավորման մասին ԱՄՆ-ի հայտարարությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգները Գազայի խաղաղության համաձայնագրի երաշխավոր երկրներին տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի խախտում պլանավորելու մասին։
Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ, ըստ որի, ստացվել են հավաստի հաղորդագրություններ, որոնք վկայում են ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի անխուսափելի խախտման մասին, որն ուղղված է Գազայի ժողովրդի դեմ։
«Պաղեստինցի քաղաքացիական անձանց դեմ այս պլանավորված հարձակումը կհամարվի հրադադարի համաձայնագրի ուղղակի և կոպիտ խախտում և կխաթարի միջնորդական ջանքերի միջոցով ձեռք բերված նշանակալի առաջընթացը։ Երաշխավորները պահանջում են, որ ՀԱՄԱՍ-ը կատարի հրադադարի պայմաններով ստանձնած իր պարտավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պետդեպարտամենտն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակման դեպքում միջոցներ կձեռնարկվեն Գազայի ժողովրդին պաշտպանելու և հրադադարն ամբողջությամբ պահպանելու համար։
ՀԱՄԱՍ-ը հերքել է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը՝ պնդելով, որ ԱՄՆ մեղադրանքները կեղծ են և համապատասխանում են իսրայելական քարոզչությանը։