Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք. Պապոյանը` ցուցարաներին
Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք: Հիմա սրանից ավելի այս պահին բան չասեմ, ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում: Հիմա, որ մի երկու աշխատանքային բան ավել ասեմ՝ կարող է ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի, բայց հավատացեք ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով ԵԱՏՄ-ում և ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող բեռնափոխադրողներին:
«Դուք կարող եք ամեն օր ցույց էլ անել, բողոքի ակցիա էլ, ձեր իրավունքն է, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ առանց այս ցույցի էլ, այս մի շաբաթ է զբաղվում ենք ու շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչև կարողանանք հասնենք այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծվի: Ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավել»,-նշել է նա։
Հավելենք, որ բեռնատարների վարորդները բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ից առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, ովքեր Ռուսաստան են մուտք գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են ՌԴ տարածքում գտնվել օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։
Վարորդները նախկինում բողոքի ակցիա էին անցկացրել փոփոխությունների դեմ և հույս ունեն, որ խնդիրը կլուծվի, որպեսզի կարողանան շարունակել բեռնափոխադրումները։