Իրենց վզին շուրջ 10 հազար մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա. Սաղաթելյանն՝ Անդրանիկ Քոչարյանի մասին

Իրենց վզին շուրջ 10 հազար մարդու արյուն կա, հիմա նորից փորձ անել կրակել ժողովրդի վրա, նոր խելագարություն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավար Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։

«Իհարկե, ես հասկանում եմ այդ ծերունի ավազակի տվայտանքներն առ այն, որ իշխանությունը կորցնելուց հետո ինչ է սպասվում իրեն ու իր թիմին, սա է այսօրվա իշխանությունը, եթե իրենց թվում է, որ կարող են այս ժողովրդին վախեցնել ու հետ կանգնեցնել, չարաչար սխալվում են, այս պայքարը կանգ չի առնելու, գնալու է մինչև վերջ», - ասաց նա։

Սաղաթելյանը նշեց՝ սադրանքների չեն գնալու, բայց թույլ էլ չեն տալու, որ որևէ մեկը սպառնալիքներով ահաբեկի ժողովրդին։

«Մենք կազմակերպված ձևով քշելու ենք այս իշխանությանը, այդ ծերունի ավազակն ու մյուսները թող մտածեն տարբեր դեսպանատների հետ բանակցություն վարելով՝ իրենց քաղաքական ապաստանի մասին, որովհետև իրենք լավ գիտեն՝ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, պահեն իրենց իշխանությունը, հակառակ դեպքում՝ պատասխան են տալու ամեն ինչի համար», - ասաց դաշնակցական գործիչը։

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին՝ Սաղաթելյանն ասաց, որ «այդ քրեական գործերը թող ծալեն, դնեն իրենց դարակներն ու սպասեն այն քրեական գործերին, որոնք հարուցվելու են իրենց նկատմամբ պետական դավաճանության հոդվածով»։

Քաղաքականություն