
Բելգիայում համընդհանուր գործադուլ է հայտարարվել

Բելգիայում համընդհանուր գործադուլը խաթարել է հասարակական տրանսպորտի գործունեությունը, դադարեցվել է բազմաթիվ ավտոբուսային գծերի գործունեությունը: Երկրի երկու խոշորագույն օդանավակայաններում չեղարկվել են բոլոր արտագնա չվերթները: Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ ի պատասխան արհմիությունների կոչի: Ցուցարարները դեմ են Բարտ դը Վևերի կոալիցիոն կառավարության կողմից նախատեսվող խնայողության միջոցառումների օրինագծին: Ցուցարարները կարծում են, որ կառավարության գործողությունները հիմնականում կվնասեն խոցելի խմբերին: Արհմիությունները վրդովված են առաջարկվող կենսաթոշակային բարեփոխմամբ, գիշերային հերթափոխի վարձատրությունը կրճատելու ծրագրով և գործազրկության նպաստների չափով:
Ցույցերը մեծ մասամբ խաղաղ են, սակայն Բրյուսելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են տասնյակ մարդկանց։ Մի քանիսը վիրավորվել են և տեղում ստացել բժշկական օգնություն։