
Մոլդովայում ընտրություններից առաջ հետախուզական ծառայությունները դիմել են Telegram-ի հիմնադիրին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը պատմել է, թե ինչպես է Մոլդովայում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին՝ 2024 թվականի հոկտեմբերին, ֆրանսիական հետախուզությունը իրեն խոստացել «ծառայության» դիմաց աջակցել դատարանում։
Telegram-ի իր ալիքում հրապարակված գրառման մեջ Դուրովը հայտարարել է, որ մոտ մեկ տարի առաջ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները միջնորդավորված դիմել են իրեն՝ խնդրելով օգնել Մոլդովայի կառավարությանը նախագահական ընտրությունների նախաշեմին գրաքննության ենթարկել որոշ տելեգրամյան ալիքներ: Նա մերժել է այդ խնդրանքը։
«Հետո միջնորդն ինձ հայտնեց, որ այդ համագործակցության դիմաց ֆրանսիական հատուկ ծառայություններն իմ մասին լավ բաներ կպատմեն դատավորին, որն անցյալ տարվա օգոստոսին իմ ձերբակալության մասին որոշում էր կայացրել», - գրել է Դուրովը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին այս տեղեկությունը մեկնաբանել է հետևյալ կերպ՝ «ով էլ կասկածեր»։ Նրա խոսքով՝ Արևմուտքը բոլոր ուղղություններով գործում է առանց խղճի։