Ավինյանի, Ալեն Սիմոնյանի հարազատների ունեցվածքի ուսումասիրություն նախատեսվո՞ւմ է. Փաշինյանը պատասխանեց
Բացառված է՝ կոմպրոմիս, որ որեւէ տեղ կոռուպցիոն դրսեւորում լինի, եւ մեր համակարգը դրան չարձագանքի։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ընկերների կողմից կանեփի արտադրության բիզնես է սկսվել, Ավինյանի մայրը մեծ հողատարածքներ է ձեռք բերել Արմավիրի մարզում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը շարունակում է հաղթել ճանապարհաշինության տենդերներում, արդյո՞ք այդ անձանց ունեցվածքի ուսումնասիրման առնչությամբ իրավական գործընթացներ սկսվել են։
«Չի կարող լինել այնպիսի հրապարակում, որը նույն իրավապահ մարմինների ուշադրությանը չարժանանա։ Ալեն Սիմոնյանը եղբայրը որեւէ տեղ աշխատելու իրավունք ունի՞, նա ի՞նչ պիտի աշխատի։ Հայաստանի ընդդիմության առաջնորդներից մեկի ընտանիք անդամներից մեկին պատկանող ընկերությունը Հայաստանում ամենաշատ տենդերներն է շահում, որին մենք դեմ չենք։ Մենք այսօր Հայաստանում շինարարի խնդիր ունենք, խնդրում ենք, որ մարդիկ գան, մրցույթներին մասնակցեն եւ շահեն»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հարցրեց՝ Տիգրան Ավինյանի ընտանիքը 2018 թվականից առաջ որեւէ գործունեություն ծավալե՞լ է, լրագրողը պատասխանեց, որ ծավալել է, սակայն հարստացել է 2018-ից հետո։
«Արտադրական կանեփի արտադրության հնարավորություն է տրված։ Դուք գիտեք ուրիշների, որոնք չե՞ն կարողանում ներգրավել, ուզում են այդ գործունեությամբ զբաղվել եւ չե՞ն կարողանում։ Իմ ընտանիքի անդամներից կան մարդիկ, որոնք 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանից հեռացել են, որովհետեւ պատգամավոր լիներ, պիտի ասեին՝ դարձրեց պատգամավոր, գործարար լիներ, ասելու էին՝ բիզնեսով է զբաղվում, գործազուրկ լիներ, ասելու էին՝ չեն աշխատում, վարձու աշխատեր, ասելու էին՝ հովանավորչության դեպք է»,- նշեց Փաշինյանը։
Նշենք, որ հղում անելով պետական գնումների համակարգին՝ մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ «Եվրաասֆալտ» ընկերությունը, որը ղեկավարում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը եւ մի քանի հազար դրամի տարբերությամբ շահում է պետական միլիոնանոց մրցույթներ։ Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն շուրջ 2.5 մլրդ դրամի մրցութային պայմանագրեր է կնքել պետության հետ։ «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։
Նշենք, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի ունեցվածքին էր անդրադարձել hetq.am-ը, նշելով, որ նրան պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ 2018-ից սկսած պետգնումների մրցույթներին ակտիվորեն մասնակցում է նաեւ Վահան Նարիբեկյանի եղբորը պատկանող «Դամկար» ՍՊԸ-ն։